Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Պետական շահի և վերպետական կապիտալի հակասության աշխարհաքաղաքական հետևանքները

Պետական շահի և վերպետական կապիտալի հակասության աշխարհաքաղաքական հետևանքները
03.01.2026 | 15:03

Արևմտյան վերպետական կապիտալի ու գլոբալիստների համար աշխարհաքաղաքական լավագույն լուծումը միաբևեռ աշխարհն է, որի պայմաններում, ի հաշիվ «ոսկե միլիարդի» երկրներից տեխնոլոգիաներն ու աշխատատեղերը աղքատ, բայց բարձր մտավոր պոտենցիալով երկրներ տեղափոխելու, փողի կողմից փող գեներացնելու պրոցեսը կարելի էր կտրուկ կերպով ինտենսիվացնել։

Մի հանգամանք, որը, վերջին հաշվով, թուլացնում է գիտելիքի ու տեխնոլոգիաների աղբյուր հզոր ու հարուստ երկրներին, առաջին հերթին՝ ԱՄՆ-ին և, հակառակը, ուժեղացնում է տեխնոլոգիաներ ու դրա հետ միասին կրթություն ու գիտելիք ստացող աղքատ երկրներին և, առաջին հերթին, Չինաստանին՝ դարձնելով նրանց «ոսկե միլիարդի» պոտենցիալ հզոր հակառակորդներ։

Այսպիսով, գլոբալիստների կողմից փողի մոլուցքով կառավարվող քաղաքականությունը դարձավ ԱՄՆ-ի ղեկավարությամբ միաբևեռ աշխարհակարգը դեպի բազմաբևեռություն տանող հիմնական խթանը։

Այսինքն, նման քաղաքականությամբ թուլացնելով ԱՄՆ-ին և այլ հարուստ երկրների և, միաժամանակ, ուժեղացնելով Չինաստանին ու այլ աղքատ երկրների, գլոբալիստները ուղիղ գծով հակասության մեջ մտան, առաջին հերթին, ԱՄՆ-ի շահերի հետ, մի պրոցես, որի ալիքի վրա էլ իշխանության եկավ Թրամփը։

Նման հակասություն պետական շահի և վերպետական կապիտալի շահի մեջ միշտ էլ կա, բայց այս անգամ դրա աշխարհաքաղաքական հետևանքները ունեցան գոյաբանական բնույթ, որն էլ ավելի սրվեց մի այլ պատճառով ևս։

Խոսքը ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք տարածման մասին է, որի վերջնական նպատակը Ռուսաստանին ծնկի բերելն ու նրա անբավ հարստություններին ու ռեսուրսներին տիրանալն էր, որն էլ, առաջին հերթին, ձեռնտու էր նույն վերպետական կապիտալին ու գլոբալիստներին և որն էլ անխուսափելիորեն բերեց ուկրաինական պատերազմին։

Այդ պատերազմն էլ, որն իրականում Ուկրաինայի միջոցով պրոքսի պատերազմ էր Արևմուտքի ու Ռուսաստանի միջև, իր դաժանություններով և դիրքային բնույթի պատճառով արեց բացահայտումներ, որոնք արմատապես փոխեցին աշխարհում գլոբալ ուժերի դասավորվածության մասին նախկին պատկերացումները։

Ըստ նախկին և խորապես արմատավորված արևմտյան պատկերացումների, Ռուսաստանը թույլ ու ատոմային զենքով զինված բենզալցակայան երկիր էր, որը ճնշման տակ շատ արագ կպարտվի։

Բայց իրականությունը դուրս եկավ հակառակը, և Ռուսաստանը ոչ միայն չպարտվեց, այլև, արևմտյան սանկցիաների շատ ծանր բեռի տակ լինելով հանդերձ, արագ ուղղեց պայքարի սկզբում թույլ տված սխալներն ու անցավ հակահարձակման։

Եվ այստեղ պարզվեց, որ Արևմուտքի անկասելի հզորության մասին նախկին պատկերացումները ևս իրականությանը չէին համապատասխանում, մի հանգամանք, որը ստիպեց նորից ծանրութեթև անել աշխարհում գլոբալ ուժերի դասավորվածության ու դրանց չափերի իրական վիճակը։

Թրամփի կողմից ղեկավարվող ԱՄՆ-ի նոր վարչակարգն առաջինն էր, որն իրատեսորեն գնահատելով աշխարհի ներկա ուժային պատկերը և տեսնելով, որ Ռուսաստանին այս պատերազմում հաղթել հնարավոր չէ, եկավ միարժեք եզրակացության և 180 աստիճանով շրջեց երկրի նախկին վարչակարգի արտաքին քաղաքականությունը։

ԱՄՆ-ի այդ նոր արտաքին քաղաքականությունը, որը վերջնական տեսքով ձևակերպվեց որպես ազգային անվտանգության նոր մարտավարություն, աշխարհի առաջ դրեց շատ դժվար լուծվող նոր խնդիրների մի ամբողջ շարան։

Մասնավորապես, պարզվեց, որ ուկրաինական պատերազմը շարունակել ցանկացող Եվրոպայի ու ԱՄՆ-ի շահերը իրար հակառակ են, իսկ Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի շահերը, Չինաստանի մեծ պրոբլեմի ֆոնի վրա, շատ բաներում համընկնում են։

Իսկ այդ մեծ թվով դժվար լուծվող խնդիրների առաջացման հիմնական պատճառն այն է, որ ԱՄՆ-ը, գիտակցելով աշխարհի ուժային բազմաբևեռության անխուսափելիությունը, իր ազգային անվտանգության նոր մարտավարության միջոցով ձգտում է նոր իրավիճակից դուրս գալ առավելագույնս անվտանգ ու հնարավորինս մեծ շահով։

Եվ, քանի որ իրավիճակի տեր մյուս երկուսը, այսինքն, Ռուսաստանն ու Չինաստանն էլ են նույն բանը ցանկանում, ապա աշխարհը մնում է անորոշություններով լի և այդպիսին կմնա դեռ երկար ժամանակ, մինչև բոլոր չափերի հակասությունների համար ինչ-որ ձևի ժամանակավոր կոմպրոմիսային լուծումներ գտնվեն։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 635

Մեկնաբանություններ